Ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը ԵՏՄ-ի համար սկզբունքային նշանակություն ունի: Այս մասին ղրղզական Չոլպոն-Ատայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ներկայումս կառույցում նախագահում է Հայաստանը:

Գործընկերներին շնորհակալություն հայտնելով կառուցողական եւ արդյունավետ աշխատանքի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընդհանուր 15 հարց է քննարկվել, որոնցից շատերով համաձայնության են հասել, ինչը թույլ կտա հիմք պատրաստել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստի համար:

Վարչապետը նիստի օրակարգից նշել է ԵՏՄ շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման նախագծի հարցը: Նրա խոսքով՝ փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքի փոխադարձ վաճառքում խոչընդոտների վերացմանը եւ միության շրջանակում խոչընդոտներ թույլ չտալու համար պայմանների ձեւավորմանը: «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել վերջնական համաձայնության»,- նշել է Փաշինյանը:

Մյուս հարցն ուղղված է փոխադարձ առեւտրի ընդլայնմանը: Որոշումը նախատեսում է համատեղ կանխատեսումների հրապարակում  ագրոարդյունաբերական համալիրի զարգացման եւ պահանջարկի հավասարակշռության վերաբերյալ եւ առաջարկներ՝  2019-2020 թվականների գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, հումքի` մանրաթելերի և բրդի վերբերյալ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ակնհայտ է, որ այս տեղեկատվությունը արտադրողներին հնարավորություն կտա ավելի լավ կողմնորոշվել ԵՏՄ շուկաներում եւ ավելի արդյունավետ ծրագրել ռազմավարությունը:

Վարչապետը նշեց նաեւ  մինչեւ 2025 թվականը ընդհանուր շուկայի ձեւավորման աշխատանքների ժամանակացույցի մշակման մասին: Ըստ նրա՝ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը սկզբունքային նշանակություն ունի ինտեգրացիոն միության հետագա կատարելագործման եւ ԵՏՄ երկրների միջեւ կապերի ամրապնդման համար: