Վիճակագրական կոմիտեն շուտով զեկույց կներկայացնի, ինչից պարզ կդառնա, թե Հայաստանից արտագաղթի ինչպիսի տենդենցներ կան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով արտագաղթի ներկա ցուցանիշներին։

«Ես ուզում եմ այս պահին ֆիքսել, որ այդ տենդենցները Հայաստանի համար շատ դրական են»,–ասաց նա։

Փոխվարչապետն անդրադարձավ նաև Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկներին Հայաստան տեղափոխելու համար կառավարության իրականացրած ծախսերին։

Հարցին` հնարավո՞ր չէր ի սկզբանե հայկական ավիափոխադրողին ներգրավել և ավելի մատչելի եղանակով կազմակերպել ուղևորների վերադարձը, Ավինյանը պատասխանեց.

«Միշտ կարելի է ամեն ինչ անել ավելի էժան, ավելի ուշ, ավելի ցածր որակով, կարող էինք ևս մեկ օր թույլ տալ, որ հյուրանոցի սպասասրահներում քնեին մեր քաղաքացիները և էժան լուծումների գտնելու համար ժամանակ վատնել, սակայն կարծում եմ՝ դա այն տարբերակը չէր, որը կնախընտրեր կառավարությունը։

Հիշեցնենք, որ հուլիսին Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման արդյունքում ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ մնացել էին Հուրգադայում:  Հուրգադա–Երևան թռիչքը չէր կայացել, քանի հայաստանյան տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել չվերթի համար:

Հուլիսի 26-ին կառավարությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ արտահերթ նիստ հրավիրեց, որը ՀՀ քաղաքացիներին Հուրգադայից հետ բերելուն էր նվիրված: Որոշվեց տեղափոխման ծառայությունների իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին 9 ամսում փոխանցել 47.198.800 դրամ։