Huawei ընկերությունն իր դեմ ԱՄՆ իշխանությունների մտցրած սահմանափակումներից հետո ներկայացրել է բջջային հեռախոսների համար սեփական Harmony OS նոր օպերացիոն համակարգը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Huawei Developer Conference – 2019 եռօրյա միջոցառման բացման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նորույթը կարող է փոխարինել այժմ օգտագործվող Android օպերացիոն համակարգին: Մայիսի 17-ից ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից Huawei ընկերությունը սեւ ցուցակի մեջ մտցնելուց հետո Google ընկերությունը Huawei-ին զրկել էր Android-ի թարմացումների հասանելիությունից: Ավելի ուշ Google-ը հայտարարել էր, որ Huawei-ի սարքերի համար թարմացումները հասանելի կլինեն առաջիկա 90 օրում՝ ԱՄՆ իշխանությունների կողմից մայիսի 20-ին տրված ժամանակավոր լիզենզիային համապատասխան:

Շնորհանդեսի ժամանակ նշել են, որ Harmony OS նոր օպերացիոն համակարգը Android-ին չի կրկնում, այն աշխատում է միկրոմիջուկի հիման վրա եւ թույլ է տալիս համաժամանակացնել տարբեր սարքերը՝  համակարգիչները, հեռախոսները եւ խելացի տան համար տեխնիկան:

Նոր օպերացիոն համակարգը

Ընկերության տեղեկացմամբ՝ Harmony OS 1.0-ը կօգտագործվի խելացի ժամացույցներում, խելացի էկրաններում (կարող են հայտնվել տարեվերջին): 3 տարվա ընթացքում այն կօպտիմալացվի եւ կվերաբերի սարքերի ավելի լայն շրջանակի:

Գործադիր տնօրենը պատմել է, որ բլոկ-մոդուլային Harmony OS օպերցիոն համակարգը լավ հարմարեցված է տարբեր սարքավորումներին եւ ունի «3 շերտ»՝ առաջինը միջուկն է, երկրորդը ծառայության պլատֆորմը, երրորդը՝ ծրագրային ապահովումը:

Կառուցվածքը թույլ է տալիս անխափան աշխատանք ապահովել բոլոր սարքերում:

Մասնավորապես դետերմինացված հետաձգման մեխանիզմը կարող է ինքնուրույն ընտրել առաջադրանքների կատարման առաջնահերթություններն այնպես, որ ռեսուրսներն ուղղվեն ամենակարեւորին եւ 25.7 տոկոսով նվազեցնել հավելվածների արձագանքման հետաձգումը: Նոր միկրոմիջուկն ունի բարձր  անվտանգություն: Համակարգը հարմարեցված է նաեւ հավելվածներ մշակողների համար, Huawei ARK Compiler-ը  ծրագրավորման մի քանի լեզուներ կապահովվի՝ С++, Java, JS, Kotlin եւ այլն:

Harmony OS-ը կլինի բաց ելքային ծածկագրով համակարգ: