Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ BBC-ի հրապարակումը միտումնավոր է նետվել լրատվական դաշտ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին «#bRightTalk՝ Դավիթ Խաժակյանի հետ» նոր ֆորմատով ֆեյսբուքյան հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բոլորը՝ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ոչ քաղաքական գործիչներ, խոսում են թեմաներից, որոնց վերաբերյալ մասնագիտական կարծիք չեն կարող հայտնել: Մարդիկ բեխաբար թեմային ինչ-որ եթերների նստում ու ապականում են հանրային կարծիքը, քանի որ ձեւավորվող կարծիքը որեւէ կապ չունի իրականության հետ: Նույն պատկերն է BBC-ի ռուսական ծառայության՝ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակման հետ կապվածը»,- ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ թեման ունի իրավական հարց, որին պետք է նուրբ մոտենալ, քանի որ նյութը հրապարակող լրագրողը վստահեցնում է, որ ձեռքի տակ փաստաթղթեր ունի. «Ըստ այդ նյութերի՝ գեներալ Օգանոսվսկին հրաման է տվել, որ Մարտի 1-ին մարդկանց վրա կրակեն: Եթե այդպես է, ապա նա քրեական գործի շրջանակում պետք է լիներ մեղադրյալի, արդեն ամբաստանյալի կարգավիճակում, բայց նա վկայի կարգավիճակում է գտնվում: Դեռ իր մասով քննություն է գնում, այսինքն՝ 10 սպանվածների մասով քննություն է գնում, իսկ սա նշանակում է, որ տեղեկատվությունը գաղտնի է: Եթե գաղտնի տեղեկատվություն է, որը հիմա հրապարակվել է, նշանակում է, որ ցանկացած ամբաստանյալ վաղը, մյուս օրը դրանից կարող է օգտվել՝ եթե մեկը մարդասպան է, իր պաշտպանությունն ավելի լավ կանի, ուրեմն նրա դատվելու հավանականությունը քչանում է»։

Մարուքյանի կարծիքով՝ փակ տեղեկատվությունը միտումնավոր է նետվել լրատվական դաշտ, եւ այդ մասով կան վտանգներ, քանի որ եթե հրապարակման մեջ նշված մարդիկ չդատվեն, հանրությունը սկսելու է չհավատալ իրավապահ համակարգին:

«Սա սպրդված ինֆորմացիա է, որ եթե անգամ չկարողանան որպես մեղադրյալ ներգրավեն, ապա գոնե հանրությունն իմանա, թե ով ինչ է արել: Բայց կասկածները մնալու են, մարդիկ նիհիլիստական մոտեցումներով են սկսելու իրավապահ մարմիններին վերաբերվել: Ասելու են՝ տեսեք, որ բոլորս իմացանք, որ Օգանովսկին է հրաման տվել, բայց այդ մարդուն չդատեցին, էս ինչ իրավական համակարգ է, ու  սկսելու են չհավատալ նաեւ հեղափոխությունից հետո ստեղծված դատական համակարգին: Հետո մի կարեւոր հանգամանք կա՝ մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք բարդակ երկի՞ր, շունը տիրոջը չճանաչող երկի՞ր: Հումորով ասեմ, երեկ մտածում էի՝ ինչ լավ է, որ ես շուն չեմ պահում, թե չէ ինձ չէր ճանաչի։ Նախաքննությունը պետք է գնա նորմալ, որ այն չլինի խոցելի, եթե խոցելի եղավ, այդ մարդիկ չեն դատվելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը: