Երաշխիք չկա, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը կանցկացվի նաեւ հաջորդ տարի: Օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով՝ այս տարի իրենք ներկայացրել են 16 մլն դրամի հայտ, սակայն փառատոնի կազմակերպման մրցույթի անցկացման հետ կապված խնդիրները թույլ չեն տալիս պնդել, որ հաջորդ տարի եւս փառատոնը կանցկացվի:

Նա հավելեց, որ անչափ կարեւոր է մշակութային միջոցառումների անցկացումը մարզերում, եւ առաջին անգամ դրան հաջողվել է հասնել 2016 թվականին:

«Այս տարի փառատոնին կմասնակցեն 7 երկրների, ներառյալ Հայաստանի կատարողներ եւ թատերական խմբեր: Միջոցառման մեխը կդառնա Վրոցլավի Հենրիկ Տոմաշեւսկու անվան մնջախաղի  թատրոնի մասնակցությունը»,- նշեց նա:

Ժիրայր Դադասյանը շեշտեց, որ ծրագրում նախատեսված է միջոցառումների անցկացում ոչ միայն Ծաղկաձորում, ինչի համար մասնակիցներին կտրամադրվեն անվճար ավտոբուսներ:

«Հանդիսատեսի թիվը կանցնի 1000-ից, եւ սա ուրախացնում է՝ հաշվի առնելով, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, որն ակտիվորեն ներգրավված է փառատոնի կազմակերպման գործին, մասնագետ է եւ մնջախաղը կարեւորում է»,- եզրափակեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նշենք, որ Լեոնիդ Ենգաբարյանի անվան VII միջազգային փառատոնը անցկացվում է օգոստոսի 5-10-ը Ծաղկաձորում:

Փառատոնին մասնակցում են կատարողներ եւ թատերական խմբեր Ռուսաստանից, Արգենտինայից, Լեհաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: