Մարալիկում այսօր` օգոստոսի 10-ին, բացված բամբակամանվածքային գործարանն ամսական կարտադրի 300 տոննա թել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Իրենք ասացին, որ պատրաստ են ներդրումներ անել այնքան, որքան կպահանջվի, այսինքն՝ ներկայումս նախատեսում են էս արտադրության շրջանակում ամսական 300 տոննա թել արտադրել` վստահ լինելով, որ դրա իրացումը Հայաստանում երաշխավորված է: Սա համակարգաստեղծ ձեռնարկություն է, այսինքն` ինքը այն կարեւոր օղակն է, որ իր շուրջը կարող են առաջանալ նոր փոքր արտադրություներ»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ գործարանը հագեցած է նոր ներկրված ժամանակակակից սարքավորումներով, եւ կարեւորն այն է, որ արտադրողը պատկերացում ունի` որտեղ է իրացնելու արտադրանքը:

Տիգրան Խաչատրյանը նաեւ հավելեց, որ Կառավարությունը նման տեսակի նախաձեռնություններին 2 ձեւով է աջակցում. եթե մեկնարկի ժամանակ նախատեսված է ավելացված արժեքի հարկ, ապա հետաձգում են այդ վճարումը, եթե կան մաքսատուրքեր, որից հնարավոր է ազատել, ապա ազատում են այդ մաքսատուրքից, որպեսզի նրանք կատարեն հնարավորինս քիչ ծախսեր, տնտեսեն միջոցներ եւ լինեն արդյունավետ: