Universal Pictures կինոստուդիան չեղարկել է «Որս» թրիլերի պրեմիերան ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության դեպքերից եւ դրանց հաջորդած երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հոլիվուդին ուղղված քննադատությունից հետո, հաղորդում է BBC News-ը:

«Որս» երգիծական թրիլերի պրեմիերան, որում, ըստ սյուժեի, լիբերալները հետապնդում են Թրամփի կողմնակիցներին, այնուհետեւ սպանում նրանց՝ մարզական հետաքրքրությունից դրդված, պետք է տեղի ունենար սեպտեմբերի 27-ին:

Նշվում է, որ ֆիլմի սյուժեն արտացոլում է ԱՄՆ-ի հակասական քաղաքականությունը:

Երբ էլ Պասոյում եւ Դենթոնում տեղի էր ունեցել ողբերգությունը, արդեն մեկնարկել էր ֆիլմի մարքեթինգային արշավը: Կինոստուդիայի հայտարարության մեջ ասվում է, որ ֆիլմի պրեմիերան չեղարկելու մասին որոշումն ընդունվել էր «լուրջ մտորումներից» հետո:

«Մենք սատարում ենք մեր ռեժիսորներին եւ շարունակելու ենք թողարկել ֆիլմեր՝ համագործակցելով համարձակ եւ տաղանդավոր հեղինակների հետ, ինչպիսիք են նրանք, ովքեր առնչություն են ունեցել այս սոցիալական երգիծական թրիլերի ստեղծման հետ, սակայն մենք հասկանում ենք, որ այժմ լավագույն ժամանակը չէ այն ցուցադրելու համար»,-նշված է կինոստուդիայի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Հոլիվուդը՝ մեղադրելով ռասիզմի եւ ատելություն հրահրելու մեջ: