ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր՝ օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա են անցկացնում Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց։ Նրանք բարձրաձայնում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորների նկատմամբ ապօրինությունների մասին եւ պնդում, որ ԲԴԽ–ն անգործության է մատնված։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ԲԴԽ–ի դիմաց։

Նշենք, որ հուլիսի 16–ին դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր, նրան կալանքից ազատելու որոշում կայացրած Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ եւ փաստաթղթեր։

Պաշտոնապես Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը որեւէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, սակայն երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են, որ պատճառը հենց Քոչարյանի գործն է։

Հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ  համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։ Դատավորի պաշտպանությունը ստանձնել են 100-ից ավելի փաստաբաններ:

Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Նրա լիազորությունները կասեցնելուց հետո մինչեւ այժմ պաշտպանների բողոքը որեւէ այլ դատավորի չի մակագրվել: