Մերձավորարեւելյան տարածաշրջանը պատրաստ է ցանկացած պահի բռնկվելու ԱՄՆ մատակարարած զենքի մեծ քանակության պատճառով: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները «տարածաշրջանը հեղեղել են զենքով եւ այն վերածել ծծումբով անոթի, որը կարող է ցանկացած պահի բռնկվել»:

Զարիֆը նշել է, որ «Պարսից ծոցը նեղ է, եւ որքան շատ են այնտեղ արտասահմանյան նավեր հայտնվում, այնքան այն պակաս անվտանգ է դառնում բոլորի համար»: 

Պարսից ծոցի շրջանում իրավիճակը սրվել է այն բանից հտո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհներ: ԱՄՆ-ն միջադեպի պատասխանատու էր համարել Իրանին, նրան աջակցել էին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Թեհրանն այս մեղադրանքները հերքել էր:

Հունիսի վերջին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կոալիցիա է ստեղծում Պարսից ծոցի գոտում ազատ նավագնացության ապահովման նպատակով: Հուլիսի 23-ին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առաջարկել էր կոլացիայի մեջ ներգրավել տարբեր տարածաշրջանների պետությունների: Նույն օրը հայտնի էր դարձել, որ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան բանակցություններ են վարում Պարսից ծոցում նավագնացության անվտանգությանը հետեւելու սեփական առաքելության ապահովման շուրջ: Հուլիսի 31-ին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ իր երկիրը հրաժարվում է Վաշինգտոնի նախաձեռնած կոալիցիային մասնակցելուց: