ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր՝ օգոստոսի 12-ին ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին եւ տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին եւ վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։

ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայումս տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի Հանրապետության վարկանիշավորման վրա։