Այսօր՝ ժամը 12-ի սահմաններում Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թվականին ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նիկոլ Փաշինյանը իր կիրակին անցկացրեց Գյումրիում։ Չնայած նախորդ օրը լրատվամիջոցները գրել էին Մարալիկ-Գյումրի նրա երթուղու մասին, վարչապետը «լայվով» ասաց, որ եկել է առանց զգուշացնելու, որպեսզի տեսնի, թե ինչ վիճակ է իրականում։ Նրան եւս այստեղ անակնկալ էր սպասվում։ Այս դրվագը Փաշինյանը հիշեց մեկ այլ «լայվում», երբ ամփոփում էր մոտ 3 ժամ տեւած իր շրջագայությունը։

Այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կրկին բողոքի ակցիա էին անում Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ։ Նրանք հայտարարեցին, որ Քոչարյանի գործը արհեստականորեն ձգձգվում է եւ պահանջեցին ԲԴԽ-ի արձագանքն ու միջամտությունը։ Ըստ ցուցարարների՝ ԲԴԽ-ն պետք է խախտի նաեւ լռությունը Նիկոլ Փաշինյանի արտահայտությունների վերաբերյալ։

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը այսօր մի ամբողջ ասուլիս նվիրեց հերքումներին։ Որակավորման մրցույթից հետո բուհից դուրս մնացած դասախոսները նրան մեղադրում են կեղծիքների համար։ Երիտասարդ պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության մեջ նրանք նկատել են գրագողություն։ Ռուբեն Հայրապետյանը ճշտում է՝ խնդիր կա տեսական հատվածում, արդյունքերը միայն իրենն են, բայց ըստ նրա՝ խնդիր է նաեւ, թե ովքեր են քննադատները։

Մի դասախոս էլ՝ Գագիկ Շահնազարյանը հետազոտել էր  պաշտոնակատարի ինքնակենսագրականը եւ եզրակացրել, որ նոր պաշտոնի պահանջներին բավարարելու համար նա տվյալներ է կեղծել։ Սա ամբողջովին անհիմն համարեց Ռուբեն Հայրապետյանը եւ կրկին անդրադարձավ քննադատողի անձին։

Մինչ ռեկտորի պաշտոնակատարը այսպես հերքում էր, համալսարանի բակում դասախոսները նրա դեմ բողոքի ակցիա էին անում։ Նրանց ռուբեն Հայրապետյանը թույլ չէր տվել մտնել ասուլիսի սրահ։

Մի բողոքի ակցիա էլ Պաշռտպանության նախարարության շենքի առաջ էր։ Առաջին կարգի հաշմանդամ, նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանն պնդում է, որ զինվորական հոսպիտալում իրեն վիրահատելիս օրգաններ են հեռացրել, ինչի մասին իրեն տեղյակ չեն պահել: Նա հայտարարեց , որ Պաշտպանության նախարարությունից իրեն խոստացել էին ուղարկել Գերմանիա բուժման, բայց խաբել են:

Բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումը Առողջապահության նախարարությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե Գերմանիայից ստացված պատասխանում հարյուրտոկոսանոց երաշխիք չկա, որ նա կկարողանա քայլել։ NEWS.am-ին Հայկը պատմեց, որ ընկերները հանգանակություն են սկսել, այս պահին հավաքվել է 8619 դոլար, իսկ վիրահատությունն արժե 35000 եվրո։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 33-ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա մարմնի մեջ բեկոր կա, որ ընդամենը մեկ սանտիմետր է հեռու ողնուղեղից։ Նախկին զինծառայողի առողջական վիճակը հետզհետե վատթարանում է։

Դոլարի փոխարժեքն այսօր էժանացել է՝ կազմելով 475 դրամ։ Եվրոն 532 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 574, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 27 դրամ։

Հայաստանում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35: