Toyota-ն ծրագրում է իր ավտոմեքենաների վրա սարքեր տեղադրել, որոնք ճանապարհային պատահարների թիվը կկրճատեն՝ կապված այն բանի հետ, որ վարորդը շփոթում է գազի եւ արգելակի ոտնակները: Այն մասին, որ ճապոնական ավտոարտադրողը աշխատում է նոր ասիստենտի ստեղծման ուղղությամբ, հայտնել է ճապոնական Yomiuri Shimbun պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ շուկայում արդեն ներկայացվել են համանման մշակումներ, բայց Toyota-ի սարքի սկզբունքային տարբերությունը անհատական ալգորիթմն է. այն ճանաչում է ոչ միայն պատը կամ առջեւից ընթացող ավտոմեքենան, այլեւ «տեսնում» է հետիոտնին եւ հեծանվորդներին: Սարքը շարժիչին թույլ չի տալիս կտրուկ պտույտներ հավաքել եւ գազի ոտնակի վրա կտրուկ սեղմելու դեպքում ավտոմեքենայի ընթացքն արագացնել: Ավելին՝ նկարագրված սցենարի դեպքում ասիստենտը կդանդաղեցնի ավտոմեքենայի ընթացքը, նույնիսկ եթե նրա դեմ խոչընդոտներ չլինեն:

Նոր սարքի գինը, հավանաբար, կկազմի 50 հազար իեն: Այն հասանելի կլինի ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաների համար: Ասիստենտի դեբյուտը կկատարվի Prius եւ Aqua մոդելների վրա, որոնք առավել տարածված են տարեց մարդկանց շրջանում, որոնք հաճախ են վթարի ենթարկվում ոտնակի վրա սխալմամբ սեղմելու պատճառով:

Վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվարից հուլիս տեղի է ունեցել 149 ճանապարհային պատահար՝ 75 եւ ավելի մեծ տարիքի մարդկանց մասնակցությամբ, ընդ որում՝ դեպքերի 11 տոկոսի պատճառը եղել է այն, որ մարդը շփոթել է գազի եւ արգելակի ոտնակները: Համեմատության համար նշենք, որ 75 տարեկանից երիտասարդ վարորդների շրջանում այս ցուցանիշը կազմում է 0,7 տոկոս: