Մեծ Բրիտանիայում գիտնականներն ուսումնասիրել են մի քանի տարի առաջ Ատլանտիկայի ջրերում որսված 28 գրենլանդական բեւեռային շնաձկներին: Ռադիածխածնային անալիզով պարզվել է, որ առանձնյակներից մեկը լույս աշխարհ է եկել մոտ 1505 թվականին:

The Sun պարբերականը հայտնում է, որ գիտնականները տարիքը որոշելու համար չափել են շնաձկան երկարությունը, այնուհետեւ կիրառել են իզոտոպային մեթոդը: Երկարությունը կազմում էր 5,5 մետր: Հաշվի առնելով, որ գրենլանդական շնաձկները տարեկան ընդամենը 1 սմ են աճում, հաջողվել է որոշել շնաձկան տարիքը:

Կենսաբանների կարծիքով՝ սա ամենահինն է մոլորակի վրա ներկայումս ապրող ողնաշարավոր ձկների տեսակներից: Գիտնականները հետազոտում են առանձնյակի ԴՆԹ-ն՝ հուսալով պարզել, թե որ գեներն են պատասխանատու այս տեսակի կյանքի երկար տեւողության համար:

Գրենլանդական բեւեռային շնաձկներին առաջին անգամ գիտականորեն նկարագրել են 1801 թվականին: 2004 թվականին պարզվել է, որ նախկինում գրենլանդական բեւեռային համարվող շնաձկները, որոնք բնակվում են հարավային Ատլանտիկայում եւ Հարավային օվկիանոսում, ինքնուրույն տեսակ են՝ Somniosus antarcticus:

Գրենլանդական բեւեռային շնաձկների կյանքի միջին տեւողությունը կազմում է 272 տարի: Դրանք բոլոր շնաձկներից ամենահյուսիսային եւ սառը ջրեր ամենաշատ սիրողն են: Ամենախոշոր շնաձկները կարող են հասնել 6,4 մետրի եւ կշռել մինչեւ 1,5 տոննա: Գրենլանդական բեւեռային շնաձկան մսից Իսլանդիայում ազգային ճաշատեսակ են պատրաստում: