Հայաստանում 2019 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 2088 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 159, մարմնական վնասվածքներ ստացել 3017 մարդ: Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ այս մասին հայտնեցին Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1711 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 138, մարմնական վնասվածքներ ստացել 2517 մարդ:

Գերատեսչությունից նշեցին, որ որպես կանխող միջոցառումներ օգտագործում են վերահսկման միջոցները, պարեկային ծառայության ուժեղացումը, երթեւեկության կազմակերպման փոփոխությունը: Նաեւ մշակվել ու Ազգային ժողով է ներկայացվել օրինագծերի փաթեթ միավորների գնահատման համակարգի ներդրման մասին, որը կոչված է կրճատելու ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւ բարձրացնելու վարորդների կարգապահությունը: