Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալությունից հետո օպերատիվ քննչական խմբերը նրա տանը հայտնաբերել եւ առգրավել են 24 միավոր հրազեն: Այս մասին ասված է Ղրղզստանի գլխավոր դատախազության  տարածած  հաղորդագրությունում:

«Աթամբաեւի տանը՝ Կոյ-Տաշ գյուղում հայտնաբերվել եւ առգրավվել է ընդհանուր առմամբ 24 հրազեն», - ասվում է հաղորդագրությունում: Առգրավվել է վեց Կալաշնիկով հրացան, Դրագունովի դիպուկահար հրացան, ինչպես նաեւ որսորդական հրացաններ և կարաբիններ, պոմպային հրացան եւ  տրավմատիկ ատրճանակ:

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է  Ղրղզստանի ՆԳՆ ղեկավար Քաշքար Ջունուշալիեւը, ներկայումս նախկին պետության ղեկավարի տանը փորձաքննություններ են իրականացվում, այդ թվում ՝ բալիստիկ: «Սա երկար գործընթաց է, դրա արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ», - ասել է նախարարը: