Իրանը ցածր հարստացված ուրանի պաշարները հասցրել է մինչեւ 370 կիլոգրամի, հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Ներկայումս մենք արտադրման լավ տեմպեր ունենք եւ մեր պաշարները գերազանցել են 300 կգն-ն առնվազն 60-ով՝  մինչեւ 70 կգ, ծավալներն արագ կաճեն», - IRNA-ին ասել է նա:

Չորս տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 14-ին, Իրանը եւ միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) ձեռք էին բերել պատմական պայմանավորվածություն՝ Իրանի միջուկային զենքի խնդրի կարգավորման մասին։ Ընդունվել էր Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագիր: Համաձայնագրով նախատեսվում էր Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Գործարքը նախնական տեսքով չգոյատեւեց անգամ 3 տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ միակողմանիորեն դուրս է գալիս պայմանագրից եւ իսլամական հանրապետության դեմ վերականգնում խիստ պատժամիջոցները: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Թեհրանի հետ նոր գործարքը քննարկելու պատրաստակամության մասին՝ առանց նախապայմանների, սակայն վերջինը պահանջում է բանակցային գործընթացը սկսելու համար պատժամիջոցների հանում:

Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մեկ տարվա հետ կապած Իրանը մայիսի 8-ին հայտարարել էր ՀՀԳԾ մի շարք դրույթների կատարումը դադարեցնելու մասին, որոնք առնչվում են հարստացված ուրանի եւ ծանր ջրի պաշարներին: Իրանը ցածրհարստացված ուրանի պաշարների շեմը բարձրացրել է մինչեւ 300 կգ: Հետագայում Թեհրանում իշխանությունները հայտարարել էին միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին՝ կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀԳԾ անդամ երկրները չեն կարողացել 60 օրում կատարել Թեհրանի պահանջները: Իրանն արդեն հարստացված ուրանի մակարդակը հասցրել է մինչեւ 4,5 տոկոսի (միջուկային գործարքով սահմանված էր 3,67 սահմանաչափը):

Իրանում նաեւ նշել են, որ հուլիսի 7-ից հետո (երբ սկսվել էր երկրորդ փուլը) 60 օր անց կանցնեն պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, եթե միջուկային գործարքի անդամ երկրները «ԱՄՆ տնտեսական ահաբեկչության դեմ» չապահովեն Իրանի շահերը: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանի նախաձեռնած բոլոր քայլերը «շրջելի» են: