Լավագույնը, որ ԱՄՆ-ն կարող է անել նավագնացության պաշտպանության համար՝ մարդկանց հանգիստ թողնելն է, չմիջամտելը:

Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ՝ շեշտելով, որ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավելացումը կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը:

«Սա հիմնականում թշնամական գործողություն է Իրանի դեմ եւ ես չեմ հավատում, որ դա որեւէ ազդեցություն կարող է ունենալ, բացի անվտանգությանը վնասելուց», - ասել է նա:

Զարիֆը քննադատել է նաեւ ԱՄՆ կողմից  զենքի վաճառքը Մերձավոր Արեւելքի երկրներին: «Եթե դուք խոսում եք տարածաշրջանից բխող սպառնալիքների մասին, ապա սպառնալիքները գալիս են ԱՄՆ-ից եւ նրա դաշնակիցներից, որոնք զենքը տարածում են տարածաշրջանում, ինչը այն դարձնում է լարվածության օջախ, որը պատրաստ է պայթել ցանկացած պահի»:

«Մենք պատերազմ չենք ուզում, մենք չենք ուզում առճակատում, մենք ուզում ենք զարգացում մեր ժողովրդի համար, մենք ցանկանում ենք զարգացում մեր տարածաշրջանի համար», - ասել է Զարիֆը:

«Այստեղ մեզ կայունություն է պետք, բայց կայունությունը պետք է լինի բոլորի համար: Մեզ մոտ չի կարող  կայունություն լինել  ոմանց եւ անկայություն՝ մյուսների համար:

Մեզ պետք է կայունություն տարածաշրջանի բոլոր երկրների համար »:

Խոսելով իրանական միջուկային համաձայնագրի եւ դրա կենսունակության մասին ՝ Զարիֆը նշել է, որ «սա լավագույն համաձայնագիրն է, որը հնարավոր էր», չնայած խոստովանել է, որ բախվել է դիմակայության հետ:

«Սա ամենալավ գործարքը չէր բոլորի համար, քանի որ դուք չեք կարող կատարյալ գործարք ունենալ: Կատարյալ գործարք չկա: Եվ եթե նախագահ Թրամփին ճիշտ խորհուրդներ տրվեն, ապա նա սկզբունքորեն կկարողանա ընդունել այն իրականությունը, որ սա լավագույն գործարքն է, եւ մենք կարող ենք առաջ շարժվել»:

Նրա խոսքով՝ պայմանագիրը կարող է իրականացվել անգամ առանց ԱՄՆ մասնակցության, եթե մնացած մասնակիցները կատարեն իրենց պարտականությունները:

«Կարծում եմ, որ սա կարեւոր ազդանշան է, որ ԱՄՆ-ն ավելի ու ավելի մեկուսացված է դառնում՝ ոչ նրա համար, ինչ մենք արել ենք, այլ այն պատճառով, ինչ նրանք անում են», - ասել է Զարիֆը:

Նրանք խախտում են օրենքը, խախտում են յուրաքանչյուր միջազգային պայմանագիր, որի անդամ են եղել: Նրանք խախտել են ոչ միայն Իրանի հետ միջուկային պայմանագիրը, այլեւ Փարիզի կոնվենցիան, անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը: Այսպիսով, նրանք անկայունության աղբյուր են ամբողջ աշխարհում, եւ նման վարքագիծը կհանգեցնի հետագա գլոբալ քաոսի: Եվ ես կարծում եմ, որ դա վտանգավոր է բոլորի համար, եւ բոլորը դա հասկանում են »:

Զարիֆը խոստովանել է, որ «միանշանակ անհանգստացած է» տարածաշրջանում հնարավոր պատերազմով: «Բայց, որպես դիվանագետ, ես միշտ պետք է խաղաղ ելք փնտրեմ: Եվ սա է այն, ինչ մենք փորձում ենք անել », - ասել է նա: