ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 13–ին ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ալեքսանդր Զաքարյանը և Սահականույշ Սահակյանը ձերբակալվել են ՔՕ 178–րդ հոդվածի  3–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի  2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղեծը) հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ոստիկանությունը հայտարարեց «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունում կատարված չարաշահումների վերաբերյալ։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության պետության կարիքների համար և երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ»  և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: