Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Վարույթը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝  հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։

Հիշեցնեք, որ  ամիսներ առաջ Ղուշչյանը լրատվամիջոցներով հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին։

Մարտի 4-ին դատախազությունը հայտարարեց, որ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։

Արդյունքում՝ մարտի 29-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։

Հարուցված քրեական գործի շրջանակներում  հարցաքննվել էին Համլետ Ղուշչյանը և Սամվել Ալեքսանյանը, սակայն մինչ օրս գործով որևէ անձ մեղադրյալ չի ներգրավվել։