ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մահվան «լիարժեք հետաքննություն» անցկացնել, հաղորդում է Reuters-ը:

«Ես ցանկանում եմ լիարժեք հետաքննություն անցկացնել, եւ դա այն է, ինչ ես պահանջում եմ: Դա այն է, ինչ անում է մեր գլխավոր դատախազը»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը խոստացել էր շարունակել Էփշտեյնի գործով հետաքննությունը, որին ձերբակալել էին անչափահասների սեքս թրաֆիքինգի մեղադրանքով:

Էփշտեյնը, որը Թրամփին եւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին իր ընկեր էր համարում, ձերբակալվել էր հուլիսի 6-ին եւ չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Նրան մահացած էին գտել անցած շաբաթ: Ենթադրվում է, որ նա կյանքին վերջ է տվել Մանհեթենում ուղղիչ հիմնարկում:

Օրենսդիրները պահանջում են, որպեսզի կառավարությունը պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր, ենթադրաբար, օգնել են Էփշտեյնին մարդկանց սեռական առեւտրով զբաղվելու հարցում: