Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի միջեւ գտնվող Օձաբերդ ամրոցի պեղումների արդյունքում հայտնաբերվել է թեքահարթակ, իլիկի գլուխներ, սափոր, ախոռ, գարու ածխացած հատիկներ, կենդանական ոսկորներ եւ կարասային թաղումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը։

Օձաբերդը հնագետների ուշադրության կենտրոնում է հիմնականում այն պատճառով, որ այդ ամրոցում է գտնվում Ուրարտուի արքա Ռուսա I-ի սեպագիր արձանագրությունը.

«Մեզ համար շատ կարեւոր է հասկանալ, թե Ռուսա I–ից հետո ի՞նչ եղավ Մեծ Սեւանի ավազանում, ուրարտացիները մնացի՞ն։ Կարեւոր է հասկանալ, թե Ուրարտական տերության անկումից հետո ի՞նչ եղավ Օձաբերդի հետ»,– ասաց նա։

Արշավախմբի ղեկավարն ասաց, որ ամրոցի պեղումները սկսվել են դեռեւս 2014 թվականից, արդյունքները ոգեւորիչ են եղել. «Մենք այստեղ ֆիքսեցինք ուշուրարտական եւ հետուրարտական ժամանակաշրջանի մի շարք կառույցներ։ Գտանք արտաքին բնակավայրը, ֆիքսեցինք առաջին կառույցները։  Անցած տարի մենք բացեցինք 2 մետրանոց պատերով կանոնավոր ճարտարապետությամբ կառույցներ, որոնք եզակի են Սեւանի ավազանում»։

Նրա խոսքով՝ Օձաբերդում հնագետների ամենակարեւոր ձեռքբերումներից է միջնաբերդի պատերին կից թեքահարթակի հայտնաբերումը. «Նման թեքահարթակները հատկապես բնորոշ են  խեթական ճարտարապետությանը։ 30 աստիճան թեքահարթակը զգալիորեն բարձրացնում է միջնաբերդի պաշտպանվածությունը եւ տալիս էսթետիկ տեսք»։

Հնագետները միջնաբերդի թեքահարթակի վերնամասում դրել են ստուգողական փոսորակ, որպեսզի փորձեն հասկանալ թեքահարթակի եւ պարսպաշարի շերտագրական եւ ժամանակագրական հարաբերակցությունը, որովհետեւ ամրոցում կա պատ, որը կառուցված է ավելի վաղ փուլի աղյուսաշարի վրա:

«Տնտեսական նշանակության կառույցներից հայտնաբերել ենք իլիկի գլուխներ, սափոր, ենթադրում ենք, որ ամրոցի կառույցներից մեկը որպես ախոռ է ծառայել, որովհետեւ այն իր կառուցվածքով շատ նման է այժմ էլ շատ գյուղերում առկա ախոռներին: Բացի այդ, այնտեղից գտանք գարու բազմաթիվ ածխացած հատիկներ եւ կենդանական ոսկորներ։ Արտաքին բնակավայրում հետուրարտական ժամանակաշարջանի պարսպաշարին կից բացվել են խմբային եւ կարասային թաղումներ»,- ասաց Միքայել Բադալյանը։

Նա հավելեց, որ հնավայրում աշխատում է 3 հնագետ, որոնք առայժմ կենտրոնացած են ամրոցի մի հատվածում։