Բելառուսի «Գոսստանդարտը» առաջարկել է  երկրներին, որոնք անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) պարտավորեցնել սննդամթերք արտադրողներին բացահայտել արտադրության ստանդարտները: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը ՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությանը:

«Բելառուսի «Գոսստանդարտը» առաջարկել է ԵՏՄ անդամ երկրներին պարտավորեցնել սննդամթերք արտադրողներին փաթեթավորման վրա նշել փաստաթղթի տվյալները, որոնց համապատասխան  այն արտադրվել է եւ կարող է  նույնականացվել:

Գերատեսչությունը ԵՏՄ գործընկերներին առաջարկել է  հաշվի առնել այդ կետը տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ եւ փոփոխություններ մտցնել Մաքսային միության «Սննդամթերքը՝ դրա մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգում», - ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ այժմ կաթի, կաթնամթերքի եւ յուղաճարպային արտադրանքի արտադրողները պարտադիր պետք է նշեն ստանդարտների տվյալները, որոնք մշակում են արտադրողները կամ հատուկ կազմակերպությունները. արտադրության տեխնիկական պայմանները եւ կազմակերպության ստանդարտները, իսկ մնացած ընկերությունները պարտավոր չեն նշել այդ տվյալները, դրանք կամավոր են ներկայացնում:

 

Եթե Բելառուսի «Գոսստանդարտի» առաջարկն ընդունվի, գնորդները կկարողանան իմանալ՝ ինչ ստանդարտների հիման վրա է արտադրանքը պատրաստվել եւ ծանոթանալ համապատասխան փաստաթղթերի հետ:

Թերթի տվյալենրով՝ ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունում ողջունել են նախաձեռնությունը եւ նշել, որ հարցը կներկայացվի ԵՏՀ կոլեգիայի քննարկմանը: