Ճապոնիայի ամբողջ տարածքում շոգի պատճառով առնվազն 23 մարդ մահացել է եւ եւս 12,7 հազարից ավելին հոսպիտալացվել, վկայում են երկրի Գլխավոր հրշեջ վարչության տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վիճակագրությունը ներկայացնում է օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածը: Հոսպիտալացվել է ընդհանուր 12 751 մարդ: Ավելի մեծ թվով տուժողներ գրանցվել են մայրաքաղաք Տոկիոյում. այստեղ հիվանդանոցներ են տեղափոխվել 1,46 հազար մարդիկ, ինչպես նաեւ Սաիտամա (977 մարդ) եւ Օսակա (897 մարդ) պրեֆեկտուրաներում:

Գլխավոր պատճառը ճապոնական չափանիշներով անչափ հով հունիսի եւ հուլիսի առաջին կեսի համար բարձր ջերմաստիճանն է: Երկրի որոշ շրջաններում ջերմաչափի սյունը 39 աստիճանից անցել է:

Փորձագետները զգուշացնում են, որ Ճապոնիայում բարձր ջերմաստիճանը կարող է պահպանվել եւս 2 շաբաթ, եւ սրա հետ կապված մարդկանց կոչ են անում օգտվել օդորակիչներից եւ փողոցում երկար ժամանակ չանցկացնել, ինչպես նաեւ մշտապես ջուր խմել:

Երրորդ շաբաթն անընդմեջ տուժածների թիվն անցնում է 10 հազարից: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ առաջիկա մի քանի օրերին շոգ եղանակը կպահպանվի Ճապոնիայի ընդարձակ տարածքներում: Դրա հետ մեկտեղ, Ճապոնիայի հարավային շրջաններին կմոտենա «Կրոս» թայֆունը, որը, ինչպես սպասվում է, կառաջացնի տեղատարափ անձրեւներ եւ փոթորկալից քամիներ: Հարավային եւ հարավարեւմտյան շրջաններում ջերմաստիճանը 30 աստիճանից չի անցնի, սակայն շաբաթվա վերջին կրկին կբարձրանա մինչեւ 35 աստիճան: