ԱՄՆ-ի քաղաքացիության ստացումը արտոնություն է, այլ ոչ թե իրավունք յուրաքանչյուրի համար, ով ամերիկացի չի ծնվել:

Երեքշաբթի NPR  ռադիոկայանի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել  ԱՄՆ ՆԳՆ առընթեր Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով ծառայության տնօրենի պաշտոնակատար Քեն Կուչինելին:

Երկուշաբթի ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր գրի քարտերի տրամադրման կանոնների խստացման մասին այն օտարերկրացիների համար, որոնք ըստ իշխանությունների, մեծ հավանականությամբ ապավինելու  են պետական նպաստներին:

Այդ ժանանակ Կուչինելին հայտարարել էր, որ այսպիսով ԱՄՆ նախագահի վարչակազմն ամրապնդում է ինքնաբավարարվածության եւ անձնական պատասխանատվության գաղափարները՝ ապահովելով այն իրավիճակը, երբ ներգաղթյալները կկարողանան ինքնուրույն հոգ տանել իրենց մասին եւ ԱՄՆ-ում հաջողության հասնել:

«Սրանով Ամերիկան չի դադարում բացառիկ լինել, ինչպես նաեւ չի փոխվում ամերիկյան երազանք հասկացությունը: Մենք մարդկանց հրավիրում ենք գալ այստեղ եւ որպես առավելություն միանալ մեզ: Դառնալ ամերիկացի՝ սա արտոնություն է, այլ ոչ թե իրավունք յուրաքանչյուրի համար, ով ամերիկացի չի ծնվել», - ասել է Կուչինելին:

Նրա խոսքով՝ «Ամերիկան մեծահոգաբար երկար տարիներ բացել է իր դռները եւ շարունակում է անել այդ»:

«Սա առավելություն է, որը մենք մեր պատմության ամբողջ ընթացքում առաջարկել ենք ամբողջ աշխարհի մարդկանց: Սակայն այս առավելությունը սկսվում է որոշակի սպասումներից: Եվ վերջին 140 տարիներին այդ սպասումների թվում եղել է այն, որ մարդիկ, որոնք կգան այստեղ, բեռ չեն դառնա հարկատուների եւ պետության համար», - ասել է Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով ծառայության տնօրենի պաշտոնակատարը:

Արդարացնելով նոր կանոնների ներդնումը՝ Կուչինելին վերաձեւակերպել է «Նոր կոթող» սոնետի մասը, որը 1883-ին  գրել է Էմմա Լազարուսը:

Ստեղծագործությունը նվիրված է Ազատության արձանին եւ փորագրված է նրա պատվանդանին: Տողերից մեկը հետեւյալն է.

 «Տվեք ինձ ձեր հոգնատանջներին, աղքատներին, ազատություն տենչող ձեր քշված ամբոխներին»:

NPR-ի հաղորդավարը Կուչինելիին հարցրել է՝ արդյոք այդ խոսքերը, որոնց վրա կառուցվում է ամերիկյան երազանքը, ԱՄՆ-ի գաղափարների մաս են:

«Իհարկե. Տվեք ինձ ձեր հոգնատանջներին, աղքատներին, որոնք կարող ենք ինքնուրույն ոտքի կանգնել եւ չեն հայտնվի պետության հոգածության ներքո», - երկրի համար խոհրդանշանական մեջբերումը փոխել է Կուչինելին:

Ընտրության նոր չափանիշներ

Ինչպես երկուշաբթի պարզաբանել էր Կուչինելին, նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ տարածքում կեցության իրավունքի տրամադրման հարցը լուծելիս երկրի իշխանությունները հիմա ձգտելու են որոշել այն հավանականությունը, որ մարդը կարող է «հանրության համար բեռ» դառնալ: Նրանք, ովքեր չեն համապատասխանում չափանիշներին, մուտքի մերժում կստանան, իսկ երկրում արդեն ապրող ներգաղթյալներին, որոնք չեն կարողանա ապացուցել իրենց ֆինանսական ինքնուրույնությունը, չի հաջողվի երկրում մնալը երկարացնել:

Բացասական գործոն կհամարվի արտոնյալ բժշկական ապահովագրության Medicaid-ի օգտագործումը, պարենային կտրոններ ստանալու եւ բնակարանի արտոնյալ գնման ծրագրին մասնակցությունը: Գրին քարտ ստանալու հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ նաեւ այն մարդկանց մոտ, որոնք տառապում են «լուրջ բուժում պահանջող հիվանդություններով» եւ «արտասահմանցուն կխանգարեն իրեն ապահովել, դպրոց կամ աշխատանքի հաճախել»: Նույնը տեղի կունենա նաեւ այն դեպքում, եթե այդպիսի մարդը բավարար միջոցներ չունի նման հիվանդության բուժումը վճարելու համար: Բացասական բնութագիր կդառնա նաեւ մասնավոր բժշկական ապահովագրության բացակայությունը եւ անգլերենի իմացության անբավարար մակարդակը, որը թույլ չի տալիս «աշխատանքի շուկա դուրս գալ»:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նոր ներգաղթային քաղաքականության հակառակորդները մտավախություն ունեն, որ այս որոշումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ տարածքում բնակվող ներգաղթյալները, որոնք օրենքով իրավունք ունեն պետության կողմից նպաստ եւ օգնություն ստանալու, դրանից կխուսափեն, որպեսզի իրենց համար չփակեն հետագայում քաղաքացիություն ստանալու հնարավորությունը: Արդյունքում՝ այս քաղաքականությունը կհարվածի բնակչության առավել խոցելի շերտերին: Այսպես՝ National Immigration Law Center իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Մարիելենա Հինկեպին The Washington Post պարբերականի հետ հարցազրույցում նոր կանոններն անվանել է «ներգաղթային համակարգն ամբողջությամբ հարուստների օգտին վերակառուցելու նախագահ Թրամփի փորձ»: