Ամերիկյան Facebook ընկերությունը վճարել է հարյուրավոր կապալառուների, որոնք վերծանել են կորպորացիային պատկանող հավելվածներում օգտատերերի ձայնային հաղորդագրությունները: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին, որոնք տեղեկություն են տրամադրել իրենց անունը չհրապարակելու պայմանով՝ վախենալով աշխատանքը կորցնելուց:

Նրանց տեղեկություններով՝ Facebook-ի դրած խնդիրը «ցնցել է արտահաստիքային աշխատողներին», որոնց տեղեկություն չի տրամադրվել այն մասին, թե որտեղ եւ երբ են կատարվել ձայնագրությունները: Ամերիկյան կորպորացիան միայն պահանջել է ձայնային հաղորդագրությունների վերծանումները: «Նրանք լսել են օգտատերերի խոսակցությունները, երբեմն գռեհիկ բովանդակությամբ, բայց չգիտեին, թե Facebook-ին ինչու էին անհրաժեշտ այդ վերծանումները»,- նշել են Bloomberg-ի աղբյուրները:

Ամերիկյան ընկերությունից հաստատել են այս տեղեկությունները, սակայն նշել են, որ «ավելի քան մեկ շաբաթ առաջ» դադարեցրել են ձայնային հաղորդագրությունների վերծանումը: Ընկերության ներկայացուցիչը նաեւ հստակեցրել է, որ օգտատերերը, որոնց հաղորդագրությունները լսվել են, Facebook-ի Messenger հավելվածում իրենց խոսքի վերծանման համաձայնություն են տվել: «Կապալառուները ձայնային հաղորդագրությունների վերծանման ստույգ լինելը ստուգել են Facebook-ի արհեստական ինտելեկտով»,- պարզաբանել են կորպորացիայում:

Bloomberg-ը, սակայն նշում է, որ Facebook-ն իր օգտատերերին չի նախազգուշացրել երրորդ անձանց կողմից ձայնային հաղորդագրությունները գաղտնալսելու հնարավորության մասին, ինչը կապալառուներին ստիպել է կասկածել դրված խնդիրը կատարելիս էթիկական նորմերի պահպանմանը:

Սկանդալ տվյալների հավաքման շուրջ

ԱՄՆ-ում թափ է հավաքում համացանցում անձնական տվյալները հավաքելու եւ պահելու թեման: Դրա պատճառը սկանդալն էր, որի կենտրոնում էր հայտնվել Facebook-ը: Այն բռնկվել էր այն բանից հետո, երբ 2018 թվականի մարտին The New York Times պարբերականը հայտնել էր, որ բրիտանական Cambridge Analytica ընկերությանը հաջողվել է հավաքել սոցցանցի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի մշակվի ընտրողների քաղաքական նախապատվությունների վերլուծության ալգորիթմը: Կազմակերպության նախկին աշխատակիցները պարբերականին հայտնել էին, որ այն դյուրացրել է օգտատերերին քաղաքական գովազդի ուղարկումը:

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ստիպված էր սրա հետ կապված պարզաբանումներ տալ ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ: Նա ամերիկացի օրենսդիրներին հավաստիացրել էր, որ այսուհետեւ սոցցանցի ղեկավարությունը ավելի ուշադիր կվերաբերվի անհատական տեղեկություններին: