ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում աճուրդի է հանվել ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի (1769-1821թթ.) հետմահու դիմակի բրոնզե պատճենը՝ 34,5 հազար դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fox News-ին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ աճուրդը կազմակերպվել է M. S. Rau Antiques արվեստի պատկերասրահի կողմից եւ նվիրված է Նապոլեոնի ծննդյան օրվա (օգոստոսի 15) 250-ամյակին:

Մինչ օրս համարվում էր, որ հետմահու դիմակը Սուրբ Հեղինեի կղզում հանել է Նապոլեոնի անձնական բժիշկ Ֆրանչեսկո Անտոմմարչին, որը մահացել է 1838թ. Սանտյագո-դե-Կուբա քաղաքում:

«Սակայն շարունակվում է վեճն այն բանի շուրջ, թե ով է հանել կայսեր հետմահու դիմակը: Ժամանակին կարծում էին, թե դա եղել է Նապոլեոնի բժիշկը, սակայն այժմ պնդում են, թե դա եղել է բրիտանացի զինվորական բժիշկ Ֆրենսիս Բերտոն, ով հանել է հետմահու դիմակը 1821թ. մայիսի 7-ին»,- ասվում է պատկերասրահի կայքում:

Տվյալ դիմակի մի քանի պատճեններ կան: Դրանցից մեկը պահվում է Նոր Օռլեանի Կաբիլդո թանգարանում: Բնօրինակը ցուցադրված է Հավանայում Նապոլեոնի թանգարանում:

Նապոլեոնը ծնվել է փաստաբան եւ քաղաքական գործիչ Կառլո Բուոնապարտեի եւ Լետիցիայի ընտանիքում: 1789թ. ֆրանսիական հեղափոխությունը նրա համար ճանապարհ բացեց դեպի փառահեղ զինվորական կարիերա՝ 24 տարեկանում Տուլոնի գրավումից հետո նա բրիգադային գեներալի աստիճան ստացավ, 1799թ. նա Ֆրանսիայի հանրապետության առաջին կոնսուլն էր, ապա 5 արի անց հռչակվեց կայսր:

2 տարի առաջ Ֆոնտենբլոյի աճուրդի ժամանակ 2 մլն եվրոյով վաճառվել է կայսեր հայտնի եռեզր գլխարկներից մեկը: Հաշմանդամների տունը, որի տարածքում է գտնվում Նապոլեոնի դամբարանը, ամեն տարի գրեթե 1,5 մլն մարդ է այցելում: