Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի ՆԳ փոխնախարար Կուրսան Ասանովի դեմ, որը բանակցություններ էր վարել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունից:

Գեներալ Ասանովը, որը բանակցություններ էր վարում Աթամբաեւի հետ եւ նրան համոզել է հանձնվել իրավապահ մարմիններին Կոյ-Տաշ գյուղում բախումների ժամանակ, չորեքշաբթի պաշտոնանկ է արվել «ղրղզական միլիցիայի շահերին դավաճանելու եւ վստահությունը կորցնելու» պատճառով: Ավելի ուշ ՆԳՆ-ից հստակեցրել էին, որ Ասանովն իբր պաշտոնը լքել է եւ բանակցությունների գնացել հանուն «ինքնափիառի»:

Գլխավոր դատախազության տվյալներով՝ ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳ փոխնախարար Ասանովը 2019 թվականի օգոստոսի 7-8-ին իր գործողություններով «բազմիցս անտեսել է ՆԳ նախարարի պահանջներն ու ցուցումները»: Քննության վարկածով՝ նա առանց նախարարի հետ համաձայնեցնելու ինքնակամ որոշումներ է ընդունել՝ դրա իրավունքը չունենալով: Քննության ընթացքում պարզվել է, որ Ասանովը նաեւ «ՆԳ մարմինների անձնակազմին թողել է  վտանգի մեջ եւ առանց հրամանատարության՝ դրանով կոպտորեն խախտելով գործող օրենսդրության պահանջները»: Նախկին փոխնախարարին նաեւ կասկածում են «հանցանշանները եւ գործով նշանակություն ունեցող այլ փաստաթղթերը քննչական մարմիններից» թաքցնելու մեջ:

«Ծառայողական քննության եզրակացությունն ուսումնասիրելով՝ գլխավոր դատախազության հավաքած նյութը Միացյալ ռեեստրում գրանցված է հանցագործություն եւ հանցակազմ պարունակող արարք՝ նախատեսված Ղրղզստանի ՔՕ 320 հոդվածի 4-րդ մասով (Պաշտոնական դիրքի չարաշահում): Մինչդատական վարույթի անցկացումը հանձնարարվել է Ռազմական դատախազությանը: Հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկումը: