Հաջողության սեփական ճանապարհը վարակիչ եւ ոգեւորող կարող է լինել նաեւ մյուսների համար։ «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի «Խորհարարական արվեստ», «Սպասարկում եւ մենեջմենթ» ծրագրերի շրջանավարտներն արդեն գիտեն, որ իրենց հաջողության պատմությոնները կարող են ոգեշնչող լինել։ Օգոստոսի 9-ին Ակադեմիայի շրջանավարտները ստացան իրենց ավարտական վկայականներն ու խորհրդանշական շրջանակներ՝ իրենց անուն, ազգանունով եւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Աշխատանքը սկսում է երազանքից» կարգախոսով: Շրջանակները փակցվելու են «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի պատին արդեն յուրաքանչյուր շրջանավարտի լուսանկարով եւ գրանցած հաջողությամբ: Շրջանավարտներից յուրաքանչյուրի «հաջողության ճանապարհը» օրինակ կդառնա եւ կոգեւորի Ակադեմիայի նոր ուսանողներին իրենց երազանքը կառուցելու ընթացքում:

«Խոհարարական արվեստ», «Սպասարկման եւ մենեջմենթ» ծրագրերի շրջանավարտներ Լեւոն Դավթյանն ու Արթուր Համբարյանն այն համարձակներն են. նրանք նպատակ ունեն առաջինն իրենց հաջողության ճանապարհով ներկայանալ նոր ուսանողներին։ Հարցին, թե որքան ժամանակ անց է իրեն սպասվելու առաջխաղացում, Արթուր Համբարյանը վստահաբար պատասխանեց․ «Չորս ամիս անց արդեն մենեջեր կլինեմ»։ Իսկ Լեւոնը նպատակ ունի երկու տարվա ընթացքում իսկական շեֆ-խոհարար դառնալ՝ հմուտ եւ փորձառու։

«Վերապատրաստման դասընթաց» խոհարարների համար, «Արդյունավետ սպասարկում ռեստորանում» դասընթաց մատուցողների համար, գործնական ու տեսական, մինչեւ անգամ առաջին բուժօգնության դասերով հագեցած 1,5 ամիս, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել գիտելիքներ քաղել ոլորտում հայտնի եւ առաջատար լավագույն մասնագետներից։ Իսկ այսօր արդեն առաջատարը դառնալու հնարավորություն ունի նրանցից յուրաքանչյուրը։

Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի հիմնադիր, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն էլ շրջանավարտներին հորդորեց չվախենալ նոր երազանքներից եւ ավելի համարձակ լինել նպատակներ սահմանելիս։

«Մենք պետք է ունենանք թեեւ վախեցնող, բայց մեծ ու համարձակ երազանքներ։ Եթե 20 տարի առաջ մենք չգնայինք մեր երազանքի հետեւից, չէինք ունենա այն, ինչ ունենք հիմա։ Ցանկանում եմ, որ ավելի վստահ լինեք։ Այն գիտելիքները, որոնք դուք ստացել եք, ծառայեցրեք քաղաքի, երկրի զարգացման եւ ձեր երազանքին հասնելու համար։ Պարզապես ձգտե՛ք ավելիին»։

«Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանը հուզմունքով ու մեծ ոգեւորությամբ է ճանապարհում շրջանավարտներին, չէ՞ որ ակադեմիայի լավագույն ձեռքբերումը հենց նրանք են։

«Պարտավորեցնող պահ է, քանի որ այսօր ճանապահում ենք ակադեմիայի առաջին շրջանավարտներին։ Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ․ ձեզ հնարավորրություն է տրվել լինել առաջինը։ Վստահ եմ՝ ձեզնից շատերը կարճ ժամանակ անց մեծ հաջողություններ կգրանցեն մասնագիտական ոլորտում»։

«Սպասարկում եւ մենեջմենթ» ծրագրի ղեկավար Աննա Սինանյանը գոհ է․ սպասելիքներն արդարացել են, իսկ քրտնաջան աշխատանքի արդյունքը շրջանավարտների արդեն գրանցած հաջողություններն են՝ մատուցողների եւ հյուրընկալների գրեյդերի բարձրացումը։

«Ակադեմիան առաջինն է, որը սպասարկման ոլորտում հեղափոխություն արեց։ Կրթական ծրագրերը մշակելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել օտար լեզուներով սպասարկմանը, ծանոթացրել ենք այլ ազգերի մշակույթներին եւ ավանդույթներին, որպեսզի յուրաքանչյուր հյուրի ցուցաբերվի անհատական մոտեցում, եւ տեսնեն, որ Հայաստանում սպասարկման ոլորտը բարձրակարգ է»։

Ընդհանուր 220 ժամ դասընթաց, որից 70%-ը՝ գործնական, 50 նոր ուտեստ․ իտալական պիցցայի ձեռքով պատրաստումից եւ պիցցա-ակրոբատիկայից մինչեւ կոնտինենտալ խոհանոցի կերակրատեսակներ, անձնական հիգիենայի կանոններից մինչեւ սննդաբանություն եւ խոհանոցի քիմիա։ Ուսումնական նոր շրջանում փոփոխություններ են սպասվում ինչպես «Սպասարկում եւ մենեջմենթ», այնպես էլ «Խոհարարական արվեստ» ծրագրերում։ Վերջինիս ղեկավար Կարեն Խաչատրյանի համար դասավանդելն ավելի բարդ է, քան շեֆ-խոհարար լինելը, ուսանողների ոգեւորությունն ու խոհանոցում ձեւավորված առողջ մրցակցությունն՝ էլ ավելի պարտավորեցնող։

Ուսանողները եւս փաստում են, որ 1,5 ամսվա ընթացքում ձեռք բերված գիտելիքները ամենաանհրաժեշտն ու օգտակարն են։ Դիմելով «դասախոսներին»՝ անկեղծանում են․ «Շնորհակալություն, որ մեզ դիմացաք այսքան ժամանակ»։

«Այստեղ սովորելը մեծ պատիվ էր։ Ինձ համար մեծագույն երջանկություն է այն փաստը, որ իմ հարազատ երկրում կա նման հաստատություն, որը սիրելի մասնագիտությունս հասցնում է արվեստի մակարդակին։ Պատիվ է նաեւ գիտելիքներ ստանալ նման պրոֆեսիոնալ ու պատրաստակամ մարդկանցից, ովքեր ջանք չեն խնայում լավ մասնագետ կրթելու համար։ Այդ մարդիկ եւ ընկերներս Ակադեմիայից ունեցած ամենամեծ ձեռքբերումն են»,- նշեց «Վերապատրաստում խոհարարների համար» դասընթացի շրջանավարտ Լիանա Շահինյանը։

Ուսանողներ Լեւոնը եւ Արթուրը եւս ունեն իրենց համար առանձնահատուկ ձեռքբերում․ մեկի համար խոհանոցի քիմիան, մյուսի համար՝ հարազատ դարձած ընկերներն ու ստացած գիտելիքների հիման վրա ձեռք բերված որակավորման նոր աստիճանը։

Խորհրդանշական վկայականները հանձնեցին խորհրդանշական մարդիկ, ովքեր իրենց կյանքի կարեւորագույն հատվածը «ապրել են» «Երեմյան Փրոջեքթս»-ում՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության բրենդ-շեֆ Զորո Իսպիրյանը, «Պանդոկ Երեւան․ Խորենացի» մասնաճյուղի տնօրեն Նինա Մանյանը, «Խոհարարական արվեստ» ծրագրի ղեկավար Կարեն Խաչատրյանը։

Դե իսկ վերջում ավանդական լուսանկար․ խոհարարները՝ գլխարկներով, մատուցողները՝ ձեռնոցներով։

«Երեմյան փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի բացառիկ գործընկերը Մեծ Բրիտանիայի Activate Learning, Group City of Oxford քոլեջն է, որի կողմից էլ հաստատված եւ վավերացված են ակադեմիայի ուսումնառության ծրագրերը: Դասընթացների ավարտին մասնակիցներին կշնորհվեն City of Oxford քոլեջի եւ Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի համատեղ ավարտական վկայականներ (դիպլոմներ)։