Ուրուգվայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Երեւանում մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան:

«Մեր երկիրն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացին, որն իրականացվում է ՄԱԿ-ի սկզբունքների վրա հիմնված լուծման հասնելու նպատակով: Խաղաղ լուծմանն այլընտրանք չկա», - շեշտեց նախարարը: Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Ուրուգվայի վրա Ղարաբաղի հետ համագործակցության հարցերում, նախարարը նշեց, որ իր  երկրում այդպիսի ճնշում չեն զգում: Միաժամանակ նա ընդգծեց, որ աշխարհում ոչ ոք չէր համարձակվի փորձել ճնշում գործադրել Ուրուգվայի վրա ՝ հաշվի առնելով նրա ձեռքբերումները ժողովրդավարական պետություն կառուցման հարցերում:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ գործընկերոջը  մանրամասն տեղեկացրել է բանակցային գործընթացի մասին եւ ներկայացրել հայական կողմի մոտեցումները:

Նախարարը շեշտեց, որ Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եղել եւ մնում է առաջնային, եւ դրանից բխող կարգավիճակի հարցը նույնպես գերակա է: Միեւնույն ժամանակ, նա նշեց բանակցությունների առաջխաղացման  համար մթնոլորտի ստեղծման կարեւորությունը: «Ես բացատրեցի նաեւ  խաղաղ կարգավորմանն  այլընտրանք չունեցող մեր մոտեցումը», - նշեց Մնացականյանը: