Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորներին օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը հրաժարական տալու դեպքում  մինչեւ պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանել իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, կապված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Մինչ այս ուզում էին բիրտ ուժով ՍԴ մի շարք դատավորներից ազատվել, հիմա այդ բիրտ ուժի հետ առաջարկել են կոմպրոմիսային տարբերակ՝ փորձում են ընդունել մի օրենք, որով շահագրգռեն ՍԴ դատավորներին իրենց ժամկետից շուտ լքել պաշտոնը։ Եթե սա կապված չլիներ պարոն Քոչարյանի գործի հետ, եթե սա արվեր ուղղակի ինչ–որ նպատակների համար, կարելի էր քննարկել սա լավ մոտեցում է, կամ վատ, հավանաբար քննարկման արդյունքում կգայինք նրան, որ սա լավագույն տարբերակը չէ։ Բայց ակնհայտ երեւում է, որ օրենքի նախագիծն ուղղակի նպատակ է հետապնդում պարոն Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ–ում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ պարոն Քոչարյանի գործով  ՍԴ–ն չիրականացնի արդարադատություն»,–նշեց նա։

Նրա խոսքով՝ այս քայլը հաշվարկված է, որ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթը վերսկսելու պահին ՍԴ կազմը փոխված լինի. «Այս ոտնձգությունը ուղղված է նրան, որ մինչեւ ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից ՍԴ–ն  կարծիքները ստանա եւ գործի վարույթը ՍԴ–ում վերսկսվի, ՍԴ–ն չունենա այն կազմը, որն ունի այսօր»։

Ալումյանը հիշեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցը, որտեղ նա նշում էր, թե Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ–ն չի քննի կամ առնվազն ոչ այսօրվա կազմով։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչեւ իրենց պաշտոնավարման տաիրքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները եւ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։