Հայաստանի վարչապետը հստակ ձեւակերպել է հայկական կողմի դիրքորոշումը: Ասվածին ավելացնելու ոչ մի բան չկա: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Արցախը Հայաստան է, արդյոք կդառնա՞ գործընթացում ինչ-ինչ փոփոխությունների պատճառ:

«Ամեն ինչ ասվել է Ստեփանակերտում: Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հաստատել է ասվածը, կարծում եմ՝ հայտարարությունը կրկնելու անհրաժեշտություն չկա: Մեր կողմից խաղաղ գործընթացին առնչվող մոտեցումներից, մեր դիրքորոշումից, բացառապես խաղաղ լուծման մեր հանձնառությունից հեռանալու մտադրություններ չկան»,- նշեց ԱԳ նախարարը:

Ի պատասխան հարցին՝ բանակցային գործընթացում առաջիկա հանդիպումներին առնչվող նորություններ արդյոք կա՞ն, նախարարը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ 2 ամիս առաջ, ավելի վաղ հանդիպումներ են անցկացվել ապրիլին, մարտին, հունվարին: Նախարարի խոսքով՝ դինամիկան պահպանվում է, նախատեսվում է շարունակություն: Սակայն նախարարը նախընտրեց կոնկրետ ժամկետների մասին չխոսել՝ նշելով, որ սկզբունքորեն կարեւոր է համարում բոլոր կողմերի հետ համաձայնեցնելուց հետո միայն տեղեկացնելու մասին պայմանավորվածությանը հետեւելը: