Ընդհանրապես, երբ պետությունը մեկին պատճառել է ֆիզիկական կամ բարոյական վնաս, վատ չի, որ ունի օրենք, որով պարտավոր է այս մարդուն հատուցել, վատ է, երբ դա արվում է ընտրովի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով  «Մարտի 1-ի» ժամանակ տուժած կամ տուժողների իրավահաջորդներին աջակցություն տրամադրելու մասին ընդունված որոշմանը։

«Ինչի՞ միայն  Մարտի 1-ի դեպքերը։ Մենք կարող ենք մտնել խտրականության դաշտ եւ ասել, որ եթե պետությունը հասկանում է, որ ինչ–որ մեկին վնաս է տվել, ապա պետք է փոխհատուցում տա, ապա ինչո՞ւ է դա հասկացել միայն «Մարտի 1-ի» դեպքում եւ ինչո՞ւ այս մտքերը չեն առաջանում Սարի թաղի կամ Իջեւանի դեպքերով»,–նշեց նա։

Ալումյանը վստահ է, որ այն կարճ ժամանակում հակասահմանադրական կճանաչվի.  «Համոզված եղեք՝ եթե օրենքն ընդունվեց հենց միայն Մարտի 1-ի հետ կապված, ապա վաղ թե ուշ հնարավոր է ճանաչվի հակասահմանադրական այնքանով, որքանով չի տարածվում այլ իրադարձություններից տուժած անձանց վրա։ Ես խնդիր չեմ տեսնում այդ մարդկանց հատուցում տրամադրելու մեջ, խնդիր եմ տեսնում միայն այդ մարդկանց տրամադրելու մեջ»։

«Մենք պետք է լավ կողմնորոշվենք՝ պետությունը հատուցում է տրամադրում, երբ միայն պետություն է մեղավոր եղել, թե հատուցելու է բոլոր դեպքերում՝ անկախ նրանից մեղավոր է եղել պետությունը թե անհատը։ Եթե պետությունը բանաձեւը դնում է այնպես, որ պետք է հատուցի՝ անկախ նրանից պետությունն է մեղավոր եղել թե անհատը, ապա մենք կարող ենք շատ հեռու գնալ այդպես։ Իսկ եթե պետությունը հատուցում է այն դեպքում, երբ պետությունն է մեղավոր եղել, իսկ անձն անմեղ, կառաջարկեի սպասել մինչեւ «Մարտի 1-ի» գործով պարզ կլինի՝ ով է մեղավոր եղել այս մարդկանց ստացած վնասվածների համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունն ընդունել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման վերաբերյալ նախագիծը։

Ըստ այդմ՝ մարտի 1-ին զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ 5 միլիոն դրամ։