Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին եւ Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ՀԱՀ նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապացությամբ եւ վստահություն հայտնել, որ համալսարանի եւ Արցախի իշխանությունների միջեւ նախորդ տարիներին ձեւավորված համագործակցությունը շարունակաբար զարգանալու է:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախում կադրերի վերապատրաստման եւ կարողությունների զարգացման, արցախցի ուսանողներին ժամանակակից կրթական մոդելներին մասնակից դառնալու հնարավորությունների ընձեռնման ուղղությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող աշխատանքների կարեւորությունը:

Կարին Մարկիդեսը նշել է, որ հստակ պատկերացնում է, թե 21-րդ դարում համալսարանները ինչպիսի դերակատարություն պետք է ունենան հասարակության զարգացման գործում, եւ իր ջանքերը ներդնելու է Հայաստանում կրթության ոլորտի կատարելագործման հարցում ամերիկյան համալսարանի դերը ավելի ընդգծելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համալսարանի եւ Արցախի միջեւ առկա փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ: