ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է մի շարք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների եւ Export Armenia խմբի հիմնադիրների հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման օրակարգում էին արտահանմանն առնչվող հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ արտադրողները։

Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առչվող խոչընդոտները, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ժամանակ։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են արտաքին շուկաներում արտահանողների հիմնական ռիսկերը, առաջարկել լուծման հնարավոր ուղիներ՝ բերելով նաեւ միջազգային փորձի օրինակներ։ Քննարկվել են նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների արտահանման հատուկ խնդիրները։

Անդրադարձ է եղել տրանսպորտալոգիստիկ խնդիրներին։ Արտահանման խնդիրները քննարկելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել առանձին հանդիպում կազմակերպել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Պայմանավորվածություն համաձայն տնտեսվարողները կներգրավվեն նաեւ համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում։