Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկանան տեղեկատվական դաշտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ եւ անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:

Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ:

Զինվորականները իրենց գործը գիտեն եւ խնդրում եմ նրանց չխանգարել կատարել իրենց խնդիրները»,–նշել է նա: