Տեղյակ չեմ, թե որ նյութերի մասին է խոսքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարության մասին, թե ԱԱԾ–ից անհետացած փաստաթղթերը վերականգնվել են, հիմնականում վերաբերել են «Մարտի 1-ի» գործին։ 

«Ոչ միայն նյութերին ծանոթ չեմ, այլ անգամ մեզ չեն բարեհաճել տեղեկացնել, թե ինչ բնույթի նյութեր են։ Իսկ երբ ասում են վարույթն իրականացնող մարմնին են փոխանցել այդ նյութերը, ապա վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, դատարանին այդպիսի նյութեր չեն փոխանցվել, այլ հակառակը դատարանում եղած նյութերն են առեւանգվել եւ տարվել են խուզարկության ընթացքում։ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը դժվար է մեկնաբանել, քանի որ հայտնի չէ վարույթն իրականացնող մարմնին երբ են փոխանցել, խուզարկությունից առաջ են փոխանցել, թե հետո»,–հավելեց նա։

Ավելի վաղ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է եւ միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։