Հնագետները Դաղստանի Դերբենտ քաղաքում՝ Նարին Կալա ամրոցից հարավ, կենցաղային գույքով բնակավայրի հատվածներ են գտել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արշավախմբի ղեկավար Մուրտազալի Հաջիեւին:

Գիտնականներն այստեղ լիովին պահպանված կերամիկական ամաններ են տեսել: Դրանց թվում «խում» կոչվող տարա է: Այն ծածկված է եղել քարե կափարիչով: Գտածոյի հավանական տարիքը 1.500 տարի է:

Կրակի հետքերը, այրված փայտե կոնստրուկցիաները թույլ են տալիս ենթադրել, որ այստեղ հրդեհ է եղել: Պատմաբանները դա կապում են V դարի հակաիրանական ապստամբության հետ:

Ի թիվս այլ գտածոների՝ կա կավե վառարան, սրոցաքարեր դարբնոցային իրերի սրման եւ ողորկման համար, ինչպես նաեւ երկաթից եւ բրոնզից առարկաներ: Օրինակ՝ թռչունի պատկերով քորոցի վերնամաս:

Այս տարի պեղումներն իրականացվել են I-VI հարյուրամյակների բնակավայրի տարածքում, որը գոյություն է ունեցել Նարին Կալա ամրոցի կառուցումից առաջ:

Գրավոր աղբյուրներից հայտնի է դրա անվանումը՝ Չոր: Ամենայն հավանականությամբ, սա արեւելաիրանական ծագման բառ է, այն նշանակում է «նեղ տեղ», քանի որ այստեղ լեռները  առավել մոտ են Կասպից ծովին: