Ամուլսարի հանքի  շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացության վերլուծությամբ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար քրեական հետապնդման հիմքեր չկան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝  պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

Վերջինիս խոսով՝ գործի նախաքննության ընթացքում շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել։ Նա նշեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝  պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք։

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 20–ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով։

Դեռևս նախորդ տարի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: