Հոնկոնգի Սամսեյպոու շրջանում ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարյուրավոր ցուցարարներ Սոված հոգիների փառատոնի կապակցությամբ թղթադրամներ են այրել, որոնց վրա պատկերված են եղել պաշտոնական անձինք: Նրանցից մի քանիսը սկսել են լազերներով լուսավորել ոստիկանական բաժանմունքի պատուհանները, եւ ժամը 20:30-ին ոստիկանության աշխատակիցները փողոց են դուրս եկել եւ զգուշացրել, որ ցրման օպերացիա կսկսեն: Ցուցարարներն անտեսել են զգուշացումը, ինչը հանգեցրել է նրան, որ ոստիկանությունը ժամը 22:00-ի սահմաններում արցունքաբեր գազ են կիրառել:

Հիշեցնենք, որ ավելի քան 2 ամիս առաջ Հոնկոնգում զանգվածային ցույցեր են սկսվել՝ կապված իշխանությունների նախաձեռնած օրինագծի հետ, որը հստակեցնում է Չինաստանի օրենքների խախտման համար կասկածվող կամ հետախուզվող անձանց Հոնկոնգից Չինաստան արտահանձնման մեխանիզմը: Հանրության ճնշման ներքո՝ տեղական իշխանությունների ղեկավար Քերրի Լամն օրակարգից հանել է օրինագիծը, սակայն դա չի կանգնեցրել բողոքի ալիքը: Օգոստոսի 11-ին տարբեր շրջաններում կրկին հակակառավարական չարտոնված ցույցեր են տեղի ունեցել: Ոստիկաններն առանձին դեպքերում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ռեզինե փամփուշտներ են կիրառել: 40 մարդ վնասվածք է ստացել: Ցուցարարները ոստիկաններին մեղադրում են ավելորդ դաժանության համար եւ պատրաստվում են նոր խոշոր ակցիաներ կազմակերպել: