Շարմ Էլ Շեյխում դրսում հայտնված 3 երեք ընտանիքների խնդիրը, կարծես թե, կարգավորվում է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներից Անահիտ Սերոբյանը։

«Տուրօպերատորը մոտ 2 ժամ առաջ փոխանցում է կատարել մեկ այլ անձի միջոցով, եւ սպասում ենք, որ մուտքագրվի հյուրանոցի հաշվեհամարին։ Երեկվանից տեղափոխվել ենք այլ հյուրանոց, նախնական վճար կատարել ենք, մինչեւ մնացած օրերի համար վճարի տուրօպերատորը»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եգիպտոս հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիները հերթական խնդրի առաջ են կանգնել։ NEWS.am–ին ահազանգած քաղաքացիները հայտնել էին, որ 10 օրով հանգստի մեկնած երեք ընտանիքներ Շարմ  Էլ Շեյխում պարզել են, որ հյուրանոցում իրենց համար միայն 6 օրվա համար է տեղ ամրագրված եւ վստահ չեն՝ հետադարձ թռիչք ունեն, թե ոչ:

Տուրիստական փաթեթները նրանք ամրագրել են «Info travel» տուրիստական գործակալությունում։

«Մենք 10 օրվա համար ենք վճարել, բայց երեկ հյուրանոցում ասացին, որ միայն 6 օրվա համար է վճարված, երեկվանից դրսում ենք, հյուրանոցներում ազատ տեղ չկա, երեք ընտանիք ենք՝ 10 հոգով, մեզ հետ մանկահասակ երեխաներ կան»,– պատմել էին նրանք։

«Info travel» ընկերությունից NEWS.am–ին հայտնեցին, որ խնդիրը կապված է Շարմ  Էլ Շեյխի հյուրանոցի հետ եւ հավաստիացրեցին, որ խնդիրն արդեն հարթվել է։