Վարչապետի թեթև ձեռքով արկածախնդրությունը հիմնովին ներթափանցում է նաև Հայաստանի արտաքին քաղաքականություն, այդ թվում՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ստեփանակերտում, որ Արցախը Հայաստան է։

«Ցավալի է, բայց համապատասխան ինստիտուտները որևէ կերպ այս ահռելի մարտահրավերին դիմագրավելու կամք կամ հնարավորություն չունեն:

Ւրավիճակի և դրա զարգացման պատասխանատուն անձամբ վարչապետն է, ինչպես ինքն է սիրում ասել՝ ժողովրդի վարչապետը:

Ժամանակը չէ՞ սթափվելու, թե՞ պետք է անպայման անցնել անդառնալիության սահմանները, դրանից բխող բոլոր հետևանքներով…»,- գրել է Բեքարյանը։

Քաղաքագետը նաեւ մեջբերել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը, ով, վերհաստատելով վարչապետի հայատարարությունը, միաժամանակ նշել էր, թե մտադրություն չկա որևէ կերպ շեղվելու այն դիրքորոշումներից, որոնք վերաբերում են խաղաղ կարգավորմանը և բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու հանձնառությանը: