Թուրքիայի Սիդե եւ Ալանիա հանգստավայրերի առեւտրականներն ու արհեստավորները դիմել են իշխանություններին՝ խնդրանքով վերանայել հյուրանոցների all inclusive («ամեն ինչ ներառված է») համակարգը, գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով տուրօպերատորների ասոցիացիային:

Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարությանն ուղղված նամակում Մանագավթի առեւտրաարդյունաբերական պալատը նշում է, որ տվյալ համակարգը վնաս է հասցնում այլ բիզնեսների: Նամակում պալատը հիշեցնում է այն մասին, որ Թուրքիան նախընտրում է որակյալ զբոսաշրջիկի, որը կարող է այցի ընթացքում առնվազն հազար դոլար ծախսել:

Պալատի անդամների խոսքով՝ all inclusive համակարգը կոչնչացնի իրենց բիզնեսը, իսկ դրա վերանայումը թույլ կտա «մասնավոր մրցակցության» հասնել: Նրանց խոսքով՝ այսօր զբոսաշրջիկները նստում են հյուրանոցներում, չեն ճանապարհորդում եւ գումար չեն ծախսում հյուրանոցից դուրս:

Ալանիայի արհեստավորները եւս համակարծիք են: Նրանք կողմ են առավել արմատական փոփոխությունների եւ պահանջում են լիովին չեղարկել քաղաքի կենտրոնում all inclusive համակարգը:

Փորձագետների խոսքով՝ 2018թ. հետ համեմատ՝ առեւտրի ոլորտի ծախսերն աճել են 20%-ով: