Օտտավայում Huawei Labs հետազոտական լաբորատորիայի մասնագետները սկսել են հաջորդ սերնդի՝ 6G տեխնոլոգիայի մշակումը: Այժմ տվյալ տեխնոլոգիան որեւէ պաշտոնական ստանդարտ չունի, իկս 6G ոլորտում տեխնոլոգիական խոշոր ընկերությունների հետազոտությունները, հավանաբար, գտնվում են տեսական մակարդակում, գրում է 3DNews-ը: 

Huawei Labs-ն առաջատար գիտահետազոտական կենտրոն է: Չինական Huawei ընկերությունը 5G ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է, իսկ այդ ուղղությամբ մշակումները սկսել է ավելի քան 10 տարի առաջ: Ընկերությունը համագործակցում է տարբեր երկրների հետազոտական տարբեր հաստատությունների հետ: Ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ժեն Չժենֆեի խոսքով՝ Կանադայում չինական ընկերության ներդրումները կազմում են մի քանի միլիարդ դոլար:

6G տեխնոլոգիայի ծրագիրը կիրականացվի 2030թ. ոչ շուտ:

Հարկ է նշել, որ 5G տեխնոլոգիաների զարգացման գործում Huawei-ի ներդրումները սկսվել են դեռեւս 2009 թվականից: Այդ ժամանակ ընկերությունը 600 մլն դոլար է հատկացրել նման տեխնոլոգիաների մշակման համար: 2016թ. այդ ուղղությամբ ընկերության ներդրումները կազմել են 1,4 մլրդ դոլար: Նման մոտեցումը հանգեցրել է նրան, որ այժմ Huawei-ն ունի 5G ոլորտում ավելի շատ պատենտներ, քան ամերիկյան եւ եվրոպական ընկերությունները: