Microsoft-ը ձայնային ծառայությունների (օրինակ՝ ձայնային հրամանի որոնում եւ ճանաչում, խոսքի թարգմանություն եւ տրանսկրիպցիա) ապահովման եւ կատարելագործման համար հավաքում է ձայնային տվյալները: Այս մասին ասվում է Microsoft-ի մեկնաբանության մեջ, հաղորդում է «ՌԲԿ»-ը:

Ավելի վաղ ընկերությունը խոստովանել է, որ Cortana օգնականի եւ Skype Translator հավելվածի միջոցով օգտատերերի ձայնային հաղորդագրությունները գաղտնալսել է: 

«Microsoft-ը մշտապես թույլտվություն է խնդրում՝ նախքան տվյալների հավաքումը կամ օգտագործումը: Որոշ դեպքերում ձայնային ծառայությունների աշխատանքի բարելավման համար ընկերությունը կողմնակի կապալառուների է վարձում, ընդ որում, մենք ապանույնականացման հարցով գործողություններ ենք կիրառում, չհրապարակման մասին համաձայնագրեր կնքում այդ ընկերությունների եւ նրանց աշխատակիցների հետ, որպեսզի պաշտպանենք մեր հաճախորդների գաղտնիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը նշում է, որ մշտապես աշխատում է գործընթացների առավելագույն թափանցիկությունն ապահովելու համար: Հետագայում Microsoft-ը մտադիր է «օգտատերերին ավելի լավ տեղեկացնել այն մասին, որ այդ ինֆորմացիայի հետ աշխատանքում երբեմն կարող են այլ մարդիկ ներգրավված լինել»: Այդ նպատակով կորպորացիան թարմացրել է գաղտնիության մասին դրույթն ու իր պրոդուկտների FAQ  բաժինները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Facebook-ը նույնպես կապալառուների է վարձել օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար: Ընկերությունից պարզաբանել էին, որ վարձու աշխատողները ստուգել են ձայնային հաղորդագրությունների վերծանման ստույգ լինելը, որը կատարել է արհեստական ինտելեկտը: Ընդ որում՝ օգտատերերին չեն իրազեկել այն մասին, որ նրանց հաղորդագրությունները տեսնում են այլ մարդիկ, քանի որ, ընկերության ներկայացուցիչների խոսքով, օգտատերերը դրան համաձայնվել են՝ Messenger հավելվածում հատուկ կարգավորում ընտրելով: