Միջազգային հետախուզման մեջ գտնվող աշխարհում ամենախոշոր ապօրինի զենք վաճառողներից մեկը՝ բելգիացի Ժակ Մեսյեն, ում մասնակից են համարում վերջին 30 տարվա գրեթե բոլոր խոշոր հակամարտություններին, Պորտուգալիայում ձերբակալվել է, Բելգիայի իշխանությունները նախատեսում են պահանջել նրա արտահանձնումը, հայտնել է Բելգիայի դաշնային ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեսյեն, որը հայտնի է «Մարշալ» կամ «Լիս» մականուններով, նախկինում 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել հակամարտություններում օգտագործված ինքնաձիգների, զրահատեխնիկայի, ուղղաթիռների եւ ռազմական այլ հանդերձանքի ապօրինի մատակարարումների, ինչպես նաեւ Լիբիա, Չադ, Պակիստան եւ Իրան զենքի մատակարարումների գործով: Դատավճռի հրապարակումից հետո նրան հաջողվել էր թաքնվել:

Պորտուգալիայի ոստիկանությունը նրան ձերբակալել է Էվորա քաղաքի վիլլայում: Կալանավորումը հնարավոր է դարձել ֆրանսիական, բելգիական եւ պորտուգալական իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ, հայտնել են գերատեսչությունից:

Փախուստի մեջ գտնվող զենքի վաճառականին բռնացրել են Ֆրանսիայում նրան պատկանող վիլլայից Պորտուգալիա ձիերի տեղափոխման չվճարված հաշվով: Սա թույլ է տվել դուրս գալ Մեսյեի հետքի վրա:

Բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ չարագործին մասնակից են համարում վերջին 35 տարվա գրեթե բոլոր հակամարտությունների ժամանակ զենքի մատակարարումներին: Դեռեւս 1980-ական թվականներին նրան կասկածում էին Իրաքի հետ պատերազմի ժամանակ Իրան զենքի մատակարարումների մեջ:

Soir պարբերականի տեղեկություններով՝ 66-ամյա բելգիացին ուրբաթ Պորտուգալիայում պետք է կանգնի դատարանի առաջ: