ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիան ՝ աշխարհի ամենամեծ կղզին, որը պատկանում է Դանիային, գնելու գաղափարը, գրում է Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով Սպիտակ տան իրազեկ աղբյուրներին:

Հրատարակությունը գրում է, որ Թրամփը իր խորհրդականներին բազմիցս հարցրել է՝ կարող է  արդյոք ԱՄՆ-ն ձեռք բերել Գրենլանդիան եւ հետաքրքրությամբ լսել կղզու ռեսուրսների եւ նրա աշխարհաքաղաքական նշանակության մասին քննարկումները:

Քննարկված հարցերի թվում Արկտիկայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման հնարավորությունն է: Նշվում է, որ նախագահը նույնիսկ Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուին խնդրել է նախագծի իրավական փորձաքննություն անցկացնել:

Թրամփի որոշ խորհրդականներ աջակցել են  ծրագրին ՝ այն անվանելով տնտեսապես նպատակահարմար, մինչդեռ մյուսները կարծում են, որ դա նախագահի «ակնթարթային ոգեւորությունն է», որը չի իրականանա: Թե որքանով լուրջ  է այդ գաղափարին վերաբերվում անձամբ Թրամփը, հոդվածի հեղինակները խոստովանում են, որ հայտնի չէ:

Մայիսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է այցեր Գրինլանդիա, սակայն ուղեւորությունը չեղյալ էր հայտարարվել Իրանի հետ հարաբերությունների լարվածության էսկալացիայի պատճառով:

Հրապարակումը հիշեցնում է, որ սա Գրենլանդիան գնելու Վաշինգտոնի առաջին փորձը չէ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարի Թրումենը Դանիային կղզու համար առաջարկել էր 100 միլիոն դոլար, բայց մերժվել էր: Կղզին ձեռք բերելու հնարավորությունը 1867-ին քննարկում էր ԱՄՆ պետդեպարտամենտը: