Ռեկորդային թվով բրիտանացիներ են մահացել թմրանյութերի պատճառով 2018 թվականին: Այդ առնչությամբ փորձագետները նախազգուշացնում են, որ երկիրը խրվում է «կոկաինի ճգնաժամի» մեջ, գրում է Lenta-ն՝ հղում անելով The Sun-ին:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Անգլիայում եւ Ուելսում թմրամիջոցների զոհ է դարձել 4359 մարդ, որը 16 տոկոսով ավելին է, քան 2017-ին: Այդ ցուցանիշը եւս ռեկորդային է՝ ի տարբերություն 1993 թվականի, երբ սկսել են հավաքագրվել վիճակագրական տվյալներն այդ հարցի շուրջ:

Զոհերի մեծ մասը գրանցվել է հերոինի հետեւանքով, սակայն վերջին երեք տարիների ընթացքում կրկնապատկվել է կոկաինի հետեւանքով զոհերի թիվը. այդ թմրանյութի հետեւանքով մահանում է յուրաքանչյուր յոթերորդը՝ օրական գրեթե երկու մարդ: Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է առավել աղքատ, ինչպես նաեւ ափամերձ շրջաններում:

Փորձագետները նշում են, որ այդ թիվը պատահականություն չէ եւ կապված է թմրանյութերի դեմ պայքարի ֆինանսավորման կրճատման հետ: Բացի այդ, խնդրահարույց է թմրանյութերի ավելի մեծ քանակությունն ու դրանց ֆինանսական հասանելիությունը:

Յորքի համալսարանից պրոֆեսոր Յան Հելիթոնի խոսքով՝ տեղի ունեցողն առողջապահության համակարգի ճգնաժամ է: Նա մատնանշում է, որ դրա կանխարգելման համար անհրաժեշտ է կառավարության միջամտությունը, իշխանությունները պետք է նաեւ բացեն եւ վերահսկեն սենյակներ մեթադոնային թերապիայի համար: