Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանում Գյանջայի իրադարձությունների գործով մեղադրվողների հերթական խմբի գործով դատավճռի հրապարակման ժամանակ դիմակայություն է առաջացել ուժայինների եւ ամբաստանյալների ազգականների միջեւ, հայտնում է contact.az-ը:

Չնայած դատարանը վերաորակել էր Մաարիֆ Հաջիեւի, Ռուսլան Հասանովի, Նիզամի Աքպերովի, Թոգրուլու Վերդիեւի, Սեյմուր Ալիեւի, Շահլար Ռզաեւի, Թուրալ Բայրամովի, Քյամալ Մագերամովի, Արազ Հասանովի եւ Օրհան Յագնալիեւի մեղադրանքը՝ «ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնության կիրառումից» «ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառման» եւ ազատազրկման պատժաժամկետը կրճատել մինչեւ 4-4,5 տարի (առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 7-9 տարվա ազատազրկման), դատավճիռը հարուցել է ամբաստանյալների եւ նրանց ազգականների վրդովմունքը, որոնք արդարացնող դատավճիռ էին պահանջում: Վերջինները սկսել են բղավել եւ շրջել դատարանի դահլիճի նստարանները: Ուղղիչ ծառայության աշխատակիցները բողոքողներին դահլիճից դուրս են բերել ուժով՝ այդ ընթացքում կիրառելով արցունքաբեր գազ: Դատապարտյալների ազգականները բողոքը շարունակել են դատարանի բակում: Նրանց հանդարտեցնելու համար ներգրավվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր:

Ազգականներին ստիպելով դուրս են հանել դատարանի շենքից: Ոչ ոք չի ձերբակալվել:

2018 թվականի հուլիսի 3-ին Գյանջայում մահափորձ էր կատարվել այն ժամանակվա քաղաքապետ Էլմար Վելիեւի դեմ: Ծագումով Գյանջայից Յունի Սաֆարովը վիրավորել էր նրան եւ քաղաքապետի թինապահին:

Դրանից հետո սոցցանցերում  հուլիսի 10-ին  Գյանջայի քաղաքապետարանի շենքի առջեւ Վելիեւի դեմ բողոքի ակցիա էր նշանակվել:

Նույն օրը ՆԳՆ-ն հաղորդել էր Գյանջայում անկարգությունների մասին, որոնց ընթացքում սպանվել էր ոստիկանության երկու աշխատակից: Դրանից հետո զանգվածային կալանավորումներ էին սկսվել հավատացյլաների եւ այլ անձնաց շրջանում:

2019 թվականի հուլիսի 31-ին այս գերատեսչությունում կայացած հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտնել էր, որ Ե.Վելիեւի վրա կատարած մահափորձի կապակցությամբ կազմակերպված հանցավոր խմբի 29 անդամները դատական պատասխանատվության են ենթարկվել, եւս 11 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Հուլիսի 10-ի դեպքերի առթիվ քննությունն ավարտվել է, եւ 60 մարդու դեմ 8 քրեական գործերը դատարաններ են ուղարկվել: Ամբաստանյալները դատապարտվել են  ազատազրկման տարբեր ժամկետների: