Ուրբաթ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ելույթ է ունեցել խորհրդարանում՝ պաշտոնապես առաջարկելով պետության մայրաքաղաք Ջակարտան տեղափոխել Կալիմանթան կղզի (Բորնեո)։ Այդ մասին նա հայտարարել է հանրապետության անկախության 74-ամյակի կապակցությամբ հանդիսավոր ելույթի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

«Ես ձեզնից թույլտվություն եմ խնդրում տեղափոխել ազգային մայրաքաղաքը դեպի Կալիմանթան կղզի»,-ասել է Վիդոդոն։

Նախագահը հավաստիացրել է ներկաներին, որ նոր մայրաքաղաքը ոչ միայն կդառնա ազգային  ինքնության խորհրդանիշը, այլ նաեւ կցուցադրի Ինդոնեզիայի ժողովրդի առաջընթացը տնտեսական հավասարությանն ու արդարությանը ձգտելու առումով։ Միեւնույն ժամանակ Ինդոնեզիայի առաջնորդը դեռեւս հրաժարվել է մանրամասնել, թե հատկապես որ քաղաքը կդառնա հանրապետության նոր մայրաքաղաքը։

Օգոստոսի 2-ին Ինդոնեզիայի կառավարությունը հաստատել է հանրապետության մայրաքաղաքը փոխելու նախագիծը, որն իշխանությունները գնահատել էին 32,5 մլրդ դոլար։ Շինարարությունը կմեկնարկի 2021 թվականին։

Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաք Ջակարտայում հնացել են ենթակառուցվածքները։ Համաձայն Uber ընկերության հետազոտության՝ այդ քաղաքում ավտոմեքենաների վարորդներն անցկացնում են խցանումներում տարեկան 22 օր, ինչն Ասիայում ամենաբարձր ցուցանիշն է։ Ըստ Inrix-ի զեկույցի՝ ինդոնեզական մայրաքաղաքը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականն աշխարհի ամենածանրաբեռնված մեգապոլիսների վարկանշում։