Ջեյմս Բոնդի 1965 թվականի արտադրության Aston Martin ավտոմեքենան, որը համալրված է մի շարք լրտեսական գործառույթներով, վաճառվել է ԱՄՆ-ի Մոնթերեյ քաղաքում Sotheby's աճուրդի ժամանակ 6,4 մլն դոլարով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Աշխարհում ամենահայտնի ավտոմեքենան՝ Ջեյմս Բոնդի Aston Martin DB5-ը՝ 1965 թվականի արտադրության, վաճառվել է 6,4 միլիոն դոլարով։ Մոնթերեյում Sotheby's աճուրդը սահմանել է DB5-ի համար նոր ռեկորդ»,-ասվում է Sotheby's թվիթերյան գրառման մեջ։

Գնորդը, որի անունը չի հրապարակվում, կարող է երթեւեկել 007 գործակալի ավտոմեքենայով, որը համալրված է «լրտեսական գործառույթներով»։ Այդ մեքենան ստեղծվել էր Բոնդի մասին ֆիլմերը խթանելու համար եւ երբեք չէր հայտնվել էկրանին։

Ավտոմեքենան համալրված է համարանիշերը փոխելու մեխանիզմով, զրահապատ հետեւի էկրանով, կատապուլտով դուրս նետվող նստատեղով, անիվները ծակելու գործիքով, ինչպես նաեւ ծխի նռնակներ նետելու համակարգով, նշված է աճուրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։